Չեխ իմունաբանը նշել է կորոնավիրուսի դեմ ռուսական եւ չինական պատվաստանյութերի նկատմամբ մտավախությունների պատճառը
Նախապաշարմունքները չեխերի՝ Ռուսաստանում եւ Չինաստանում ստեղծված պատվաստանյութերի նկատմամբ մտավախությունների միակ պատճառն է: Այդ մասին irozhlas.cz պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի Գիտությունների ակադեմիայից իմունաբան Վացլավ Գորեյշին:
«Կան մարդիկ, որոնք ունեն նախապաշարմունքներ որոշ երկրների նկատմամբ: Ես չունեմ այդպիսի նախապաշարմունքներ,-նշել է նա:-Ես առանց անհանգստանալու կստանայի ինչպես ռուսական, այնպես էլ չինական պատվաստանյութը: Չկան հիմքեր համարելու, որ դրանք ինչ-որ վտանգ են ներկայացնում»:
«Սպուտնիկ V»-ն, ինչպես ընդգծել է Գորեյշին, ստեղծվել է նույն սկզբունքով, ինչպես եւ Չեխիայում կիրառվող AstraZeneca բրիտանաշվեդական ընկերության պատվաստանյութը: Ընդ որում, ինչպես հիշեցրել է նա, ռուսական դեղամիջոցի արդյունավետությունն ավելի բարձր է:
Դեղամիջոցների հսկողության պետական ինստիտուտը, որը Չեխիայի դեղագործական ազգային կարգավորիչն է, երկուշաբթի սկսել է ուսումնասիրել ռուսական «Սպուտնիկ V»-ի փաստաթղթերը: Հանրապետության իշխանությունները հետաքրքրվածություն են արտահայտում դրա շուտափույթ գրանցման հարցում Եվրամիությունում կիրառելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: