Ռուսաստանում շուրջ 40 ընկերություն ենթարկվել է հարձակման Microsoft-ի ծրագրային ապահովման խոցելիության հետեւանքով
Ռուսաստանում շուրջ 40 ընկերություն ենթարկվել է հարձակման Microsoft կորպորացիայի Exchange Server ծրագրային ապահովման խոցելիության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Կասպերսկի լաբորատորիայի» մամուլի ծառայությանը:
«Մարտի 2-ին Microsoft ընկերությունը հայտնել է հարձակումների շարքի մասին Microsoft Exchange Server-ում նոր խոցելիության հետեւանքով: Վերջին շաբաթվա ընթացքում «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները գրանցում են այդ խոցելիությունները շահարկման փորձերի թվի աճ գաղտնի տվյալները գողանալու նպատակով կորպորատիվ ցանցեր ներթափանցելու համար: Ռուսաստանում հարձակման է ենթարկվել արդեն շուրջ 40 ընկերություն»,-պատմել են ընկերությունում:
Այդպիսի հարձակումներից պաշտպանվելու համար «Կասպերսկի լաբորատորիաներում» խորհուրդ են տվել տեղադրել Microsoft-ի թարմացումն ու օգտագործել ծրագրային պաշտպանիչ լուծումներ, իսկ հարձակման դեպքում դիմել մասնագետներին դեպքը հետաքննելու համար:
Երեքշաբթի Microsoft-ը ներկայացրել է Exchange Server-ի թարմացումն այն ֆոնին, որ դրա միջոցով ԱՄՆ-ում մի շարք մասնավոր ընկերություններ կարող էին ենթարկվել հարձակման հաքերների խմբավորման կողմից, որը կորպորացիայում անվանել են Hafnium: Կա պնդում, որ այն կարող է կապված լինել Չինաստանի հետ: