Չինաստանի իշխանությունները հայտարարել են Հոնկոնգում ընտրական բարեփոխումների անհրաժեշտության մասին
Կիրակի Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Հոնկոնգում ընտրական համակարգը պետք է բարելավվի երկարաժամկետ կայունության համար՝ ասելով, որ բարեփոխումը կբերի «ավելի լուսավոր ապագա» քաղաքին, հաղորդում է Reuters-ը:
Անցած տարի Չինաստանն ընդունել էր ազգային անվտանգության մասին օրենք Հոնկոնգի նկատմամբ՝ հայտարարելով դրա անհրաժեշտության մասին մի քանի ամիս տեւած դաժան հակակառավարական բողոքի ցույցերից հետո:
Իր ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում Վան Ին հայտարարել է, որ գաղութացման ժամանակ Հոնկոնգում ժողովրդավարություն չի եղել, եւ որ Չինաստանը համոզված է, որ ընտրական բարեփոխումներն օգտակար կլինեն:
Նա հավելել է, որ Հոնկոգնում էլեկտորալ բարեփոխումը սահմանադրական է եւ արդարացված:
Ավելի վաղ Հոնկոնգում Չինաստանի գործողությունները դատապարտել էին ԱՄՆ-ն եւ դրա դաշնակիցները, ինչն առաջացրել էր Չինաստանի կառավարության վրդովմունքը, որը հայտարարել էր, որ Հոնկոնգի խնդիրները երկրի ներքին գործն է, որում ուրիշ պետությունները միջամտելու իրավունք չունեն: