Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է, հենց այդ պատճառով նրան ոգևորությամբ պաշտպանում են «նորօսմանյան գաղափարախոսության հայր» Էրդողանն ու Ալիևը․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ի իր ալիքում երեկ ուշ երեկոյան գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանն այժմ հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ինձ հաճախ հարցնում են՝ կարելի է արդյո՞ք ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված համարել: Իհարկե, ո՛չ: Եվ ընդհանրապես, պետք է արդյո՞ք Ղարաբաղը դիտարկել հայկական հարցից անջատ: Չէ՞ որ արդեն վաղուց և ոչ միայն Հայաստանում, երկու մոտեցում կա. ինչ-որ մեկը ղարաբաղյան հակամարտությունը հայկական հարցից անջատ թեմա է համարում, ինչ-որ մեկն էլ ղարաբաղյան հակամարտությունը համարում է դրա տարրերից մեկը:
Սակայն վերջին ամիսներին մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները զգալիորեն ամրապնդեցին նրանց փաստարկները, որոնց համար ղարաբաղյան հարցը Հայոց հարցի բաղկացուցիչ մասերից մեկն է: Իհարկե, Հայկական հարցն առավել ընդգրկուն, համապարփակ և բաղադրյալ է: Իսկ այսօր այն առավել ևս արդիականացվում է նոր Օսմանյան կայսրության հայեցակարգի ֆոնին, որի մասին երազում է ներկայիս Թուրքիան: Հարյուր տարում առաջին անգամ Թուրքիան կրկին ոտք է դրել Կովկաս և չի խորշում բացեիբաց ցույց տալ իր նկրտումները, ինչպես անում է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: Դուր է գալիս արդյո՞ք այդ ամենը Ռուսաստանին, որն, ավանդաբար, Կովկասը համարում է իր շահերի գոտի:
Իհարկե, ո՛չ: Իսկ մեր փոքրիկ Հայաստանը կրկին հայտնվել է այդ երկու երկրների խաչմերուկում, կամ եթե ցանկանում եք, «կայսրությունների առճակատման խաչմերուկում»: Իսկ հայկական հարցը, որը երբեք մոռացության չի մատնվել, այսօր կրկին նոր իմաստ և արդիականություն է ձեռք բերել: Կարմիր գիծն այժմ հետևյալն է. կդառնանք արդյո՞ք մենք այն Հայաստանը, որի մասին երազում էին մեր նախնիները, թե՞ կվերածվենք թուրքական վիլայեթի: Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը: Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է: Հենց այդ պատճառով նրան այդքան ոգևորությամբ պաշտպանում է «նորօսմանյան գաղափարախոսության հայր» Էրդողանը և նրա կովկասյան փոխարքա Ալիևը: Այսօր այդ եռյակը, որոնց անուններն արդեն գրված են մեկ շարքում՝ Էրդողան, Փաշինյան, Ալիև, ցանկանում է Հայաստանի ճակատագիրը որոշել թուրքական մոտեցմամբ: Սակայն մենք ևս այսօր կերտում ենք մեր ճակատագիրը: Մեզանից յուրաքանչյուրը, բոլորս միասին, այսօր մենք պատմություն ենք կերտում: Եվ հենց մեզանից և ոչ թե Նիկոլից, ոչ թե Թուրքիայից կամ մեկ ուրիշից է կախված՝ կապրենք մենք հետագայում Հայաստան պետությունում, թե կանցնենք պատմության գիրկը»: