Նիգերիայում գյուղի վրա հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել. կան ծանր վիրավորներ
Նիգերիայի հյուսիս-արևմուտքում զինված անձինք սպանել են առնվազն 16 մարդու, ևս ինը վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներից մեկի և բնակչի խոսքերը:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Սոկոտո նահանգի Տառա գյուղի վրա:
«Այսօր կեսօրին մենք թաղել ենք 16 դիակ: Եվս ինը մարդ ծանր վիրավորումներ է ստացել», - գործակալությունը մեջբերում է տեղի բնակչի խոսքերը:
Բացի այդ, տեղի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ հարձակվողները, որոնք եկել են հարևան Զամֆարա նահանգից, իրենց հետ տարել են ավելի քան 100 կով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 60 մարդ առևանգվել է Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զամֆարա նահանգի գյուղերից մեկի վրա ավազակային հարձակման հետևանքով:
Մեկ շաբաթ առաջ զինված անձինք հարձակվել էին նույն նահանգի դպրոցի վրա և առևանգել էին աշակերտների: Տեղի PM News-ը հայտնել էր, որ Ջանգեբե քաղաքում աղջիկների գիշերօթիկ դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել գիշերը:
Ավելի ուշ տեղի նահանգապետը հայտարարել էր, որ ազատ են արձակվել շուրջ 300 դպրոցականներ: