Լոնդոնում ավագ սերնդի ԼԳԲՏ անձանց համար հատուկ բնակելի համալիր կկառուցվի
Լոնդոնի Վոքսհոլ թաղամասում առանձին բնակելի համալիր կստեղծվի ԼԳԲՏ ավագ սերնդի անձանց համար, գրում է Evening Standart-ը, նշելով՝ մտահաղացումը Մեծ Բրիտանիայում առաջինն է իր տեսակի մեջ։
Նշվում է՝ թոշակառուներն արդեն ամռանը հնարավորություն կունենան տեղափոխվել Թեմզա գետի ափին տեղակայված բնակարաններ։
«Փաստն այն է, որ ծերանոցի շատ տարեց մարդիկ ստիպված են թաքցնել իրենց կողմնորոշումը: Առանձին համալիրը նրանց հնարավորություն կտա ապրել բարյացակամ և անվտանգ միջավայրում», - մեկնաբանելով որոշումը բացատրել է Լոնդոնի բնակարանային հարցերով փոխքաղաքապետ Թոմ Քոփլին:
Թոշակառուներին Բանկհաուսի շենքում կտրամադրվի 19 բնակարան։ Դրանց արժեքը մոտ 8 միլիոն ԱՄՆ դոլար է: Բնակիչները կվճարեն վարձավճարի միայն մի մասը: Նրանք հնարավորություն կունենան բարձրանալ տանիք, գնալ այգին և մոտակա ռեստորան: Առանձին կենսաթոշակառուները կկարողանան գնել խնամքի ծառայությունների փաթեթներ՝ կախված իրենց կարիքներից:
Ծրագրին կարող են դիմել ոչ միայն նույնասեռ զույգերը, այլ նաև ավանդական սեռական կողմնորոշում ունեցող այն ընտանիքները, որոնք կիսում են ԼԳԲՏ արժեքները: