Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյուարկում
«Ամերիկյան ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով վթարային արտակարգ ազդանշանը հնչել է այն բանից հետո, երբ ինքնաթիռի կապիտանն անջատել է շարժիչներից մեկը՝ հնարավոր մեխանիկական խափանման պատճառով:
Ինքնաթիռում, որը թռիչք է կատարել Մայամիից Նյուարկ, եղել են 95 ուղևոր և անձնակազմի վեց անդամ: Ոչ ոք չի տուժել։
«Ամերիկյան ավիաուղիներ»-ը նշել է, որ խնդիրները կապված չեն անսարքությունների հետ, որոնց պատճառով երկու Boeing 737 MAX ինքնաթիռներ կործանվել են 2018 և 2019 թվականներին: Իր հերթին, ԱՄՆ–ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ ինքնաթիռի վթարային վայրէջքի հետ կապված միջադեպը քննության կենթարկվի:
Վայրէջք կատարած ինքնաթիռը պատկանում է «Ամերիկյան ավիաուղիներ»-ին, որն այս ինքնաթիռի շահագործումը վերսկսել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին: