Ուկրաինացի պատգամավորը հեռացվել է խմբակցությունից ռուսերեն խոսելու պատճառով
Ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Դորոշենկոյին հեռացրել են խմբակցությունից՝ ելույթի ընթացքում ուկրաիներենի փոխարեն ռուսերեն խոսելու պատճառով: Այս մասին նշված է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջում, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը:
«Հանդիպման արդյունքում որոշվել է պատգամավորին հեռացնել խմբակցությունից` «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար», - ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում նշված է, որ խորհրդարանական գործունեությունը «չի կարող հակասել այն սկզբունքներին», որոնք ամրագրված են կուսակցության կանոնադրության մեջ:
Ավելի ուշ Դորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Խարկովի բնակիչների ճնշող մեծամասնության համար հարազատ լեզվով է խոսում և ասել, որ սա իր առաջին ելույթն էր ամբիոնից ու ինքը բավական «հուզված» էր, ինչի համար էլ հրաժարվել է ուկրաիներեն խոսել:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել դրա համար հասարակությունից, ինչպես նաև«Եվրոպական համերաշխություն» կուսակցության իմ գործընկերներից: Իմ արձագանքը գործընկերներիս մեկնաբանություններին պետք է որ այլ լիներ: Համոզված եմ, որ ապագայում, հասարակական ոլորտում, ես բացառապես ուկրաիներեն կօգտագործեմ և ուկրաիներենի զարգացման համար կգործադրեմ բոլոր ջանքերս», - գրել է Դորոշենկոն: