ԱՄՆ-ն կանխել է Մյանմարում ռազմական հեղաշրջում իրականացրած զինվորականների` 1 մլրդ դոլարն այլ բանկ տեղափոխելու փորձը
Մյանմարում ռազմական հեղաշրջում իրականացրած զինվորականները փորձել են երկրի` ամերիկյան բանկում գրանցված հաշվից հանել մեկ միլիարդ դոլար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկից միջոցների փոխանցումը Մյանմարի Կենտրոնական բանկ փորձել են իրականացնել փետրվարի 4-ին: Սակայն ամերիկյան բանկը կասեցրել է գործողությունը:
Հաղորդվում է, որ գործարքի փորձը կատարվել է այն բանից հետո, երբ Մյանմարի զինված ուժերը Կենտրոնական բանկի նոր կառավարիչ են նշանակել:
Գործակալության տվյալներով, հենց այս իրավիճակն է դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Մյանմարում հեղաշրջման մեջ ներգրավված անձանց նկատմամբ պատժամիջոցների հաստատման և ԱՄՆ-ում Մյանմարի պետական հաշիվների արգելափակման պատճառը:
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: