Մոսկվայում տղամարդը 17 տարի շարունակ ապրել է` պնևմատիկ ատրճանակի փամփուշտն աչքի շրջանում
Մոսկվայի բնակիչ Ալեքսեյ Ալֆերովը բժշկի է դիմել 17 տարի առաջ աչքի հատվածում վնասվածքի հետևանքով մնացած փամփուշտի պատճառով:
Այս մասին հայտնում է moslenta.ru լրատվական կայքը՝ հղում տալով Mash տելեգրամյան ալիքին:
Ծնունդով Ղազախստանից Ալֆերովն ուսանողական տարիներին տեղափոխվել է Մոսկվա: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել պատահարը: Ըստ տելեգրամյան ալիքի, 2003 թվականին տղամարդը հանրակացարանում մտել է հարևանի սենյակ, որը պնևմատիկ ատրճանակ էր քանդում: Նշվում է, որ հարևանը պատահաբար քաշել է ձգանը, ինչի հետևանքով փամփուշտը դիպել է Ալֆերովի աչքին, սակայն նա այդ մասին ոչ մեկին չի տեղեկացրել, որպեսզի հարևանը խնդիրներ չունենա:
35-ամյա տղամարդը ստիպված է եղել դիմել բժշկի` Մագնիսառեզոնանսային շերտագրություն (MRT) անցնելու անհրաժեշտությունից ելնելով, ինչը հնարավոր չէր անել փամփուշտի առկայության դեպքում:
Հաղորդվում է, որ Ալֆերովի` բժշկական հաստատություն դիմելուց հետո ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են սկսել: