1 օրում` 6,2 մլրդ դոլար. Իլոն Մասկը շարունակում է ֆինանսական կորուստներ կրել. Forbes
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել է 6,2 միլիարդ դոլար: Այս մասին վկայում են Forbes-ի մարտի 5-ի տվյալները:
Պարբերականի տվյալներով՝ հինգշաբթի արժեթղթերի բորսաներում կայացած աճուրդներից հետո ամերիկացի ձեռնարկատիրոջ կարողությունը նվազել է գրեթե 4%-ով ՝ կազմելով 150,9 մլրդ դոլար:
Վերլուծաբանները դա կապում են Tesla-ի բաժնետոմսերի արժեքի շուրջ 4,94% անկման հետ: Մասկին է պատկանում ընկերության բաժնետոմսերի մոտ հինգերորդ մասը:
Այնուամենայնիվ, Forbes-ի վարկածով` նա շարունակում է մնալ երրորդ տեղում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Հայտնի է, որ անցած ամիս Մասկն արժեթղթերի շուկայում տեղի ունեցող զարգացումների հետևանքով տասնյակ միլիարդավոր դոլարներ էր կորցրել:
Նշենք, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը`175,4 միլիարդ դոլար կարողությամբ, որին հաջորդում է Louis Vuitton Moet Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն (155,6 միլիարդ դոլար):