Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և մոտ հարյուրն արդեն կրճատվել են. Թագուհի Թովմասյան

Ինձ հետ կապվել են բազմաթիվ վարդենիսցիներ և հարակիչ շրջանների բնակիչներ, որոնք մտադիր են ի նշան բողոքի՝ փակել երկաթգիծը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Սոթքի հանքավայրի աշխատակիցները պատերազմից հետո գտնվում էին հարկադիր պարապուրդի մեջ, որովհետև ամբողջ ծավալով չի աշխատում հանքը: Հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև մեծ մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հիմա մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, և արդեն մոտ հարյուրն արդեն կրճատվել են։ Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների երեք հարյուր ընտանիք մնալու է առանց աշխատանքի և սոցիալական այս պայմաններում, սահմանամերձ շրջանում սա լուրջ խնդիր է, և նրանք արդեն ծայրահեղ միջոցների են ցանկանում դիմել: Ինձ հետ կապվել են բազմաթիվ վարդենիսցիներ և հարակիչ շրջանների բնակիչներ, որոնք մտադիր են, ի նշան բողոքի, փակել երկաթգիծը, որով հանքի հանքանյութը տեղափոխվում է դեպի Արարատ, և նաև այլ ծայրահեղ ակցիաներ են ուզում իրականացնել։ Որպեսզի բանը դրան չհասնի, գուցե իմ հայտարարությունն օգնի, որ Կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի դժգոհությունը մեղմելու, որևէ տարբերակ առաջարկելու համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը: