Մյանմարի ռազմական հեղաշրջման դեմ ցույցերի «ամենաարյունալի» օրվա ընթացքում զոհերի թիվն անցել է 50-ը. Al Jazeera (լուսանկարներ, տեսանյութ)

Մյանմարի ռազմական հեղարջման դեմ սկսված ցույցերի առաջին օրվանից ի վեր ավելի քան 50 մարդ է զոհվել, իսկ «ամենաարյունալի» օրը եղել է երեկ, հայտնում է Al Jazeera–ն։
Անվտանգության ուժերը կրակ են բացել Մյանմարի ամբողջ տարածքում ռազմական իշխանության դեմ բողոքող մարդկանց վրա՝ չնայած, որ դրանից մեկ օր առաջ հարևան երկրները զսպվածության կոչ և ճգնաժամի լուծմանն աջակցելու պատրաստակամության վերաբերյալ առաջարկ էին արել։
Մյանմարի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քրիստին Շրաներ Բուրգեներն ասել է, որ հեղաշրջման սկզբից ի վեր «ավելի քան 50 մարդ է զոհվել, և շատերը վիրավորվել են» և չորեքշաբթի տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների քանակը որակել է որպես «ցնցող»։
Հատուկ բանագնացը, զինամթերքի մասնագետներին վկայակոչելով, նշել է, որ Մյանմարում ոստիկանությունը 9 մմ տրամաչափով ինքնաձիգերից կրակ է արձակել ցուցարարների ուղղությամբ։ Նա հավելել է, որ անցյալ ամսվա հեղաշրջումից մինչ հիմա 1200 մարդ է ձերբակալվել և շատերի ընտանիքները տեղյակ չեն նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին։
Քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիան (AAPP) տեղեկացրել է, որ 1498 մարդ է բերման ենթարկվել, որոնցից 1192-ը դեռևս կալանքի տակ է գտնվում:
Save the Children կազմակերպությունից հայտնել են, որ զոհերի թվում 14–ամյա երեխա կա։
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ (տեսանյութը պարունակում է դաժան կադրեր, անչափահասների, նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել-Խմբ.)։