Ժիրինովսկին 2036-ի մայիսի 1-ից բոլոր պաշտոններից հրաժարականի դիմում է գրել
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում պատմել է, որ 2036 թվականի մայիսի 1-ից բոլոր պաշտոններից հրաժարվելու մասին դիմում է գրել:
«Ես ինքս արդեն գրել եմ դիմում այն մասին, որ «խնդրում եմ ազատել ինձ բոլոր պաշտոններից 2036 թվականի մայիսի 1-ից` իմ 90-ամյակի օրը: Հիմա (ԽՄԿԿ Կենտկոմի նախկին գլխավոր քարտուղար Միխայիլ) Գորբաչովն 90 տարեկան է, և ես կլինեմ 90 տարեկան 2036 թվականի ապրիլի 25-ին, 15 տարի հետո»,-ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը մի կողմ է քաշվելու, օրինակ՝ դառնալու է պետի առաջին տեղակալ: Նա ընդգծել է, որ իր օրոք «լճացում չի լինի»:
Ժիրինովսկին նշել է, որ կուսակցության յուրաքանչյուր համագումարում ինքը խոսակցություն է բացում թոշակի անցնելու մասին, բայց իրեն չեն թողնում գնալ: