Շրի Լանկայի կառավարությունը հեռավոր կղզի է ընտրել Covid-19-ի զոհերին թաղելու համար
Շրի Լանկայի կառավարությունը հեռավոր կղզի է ընտրել մուսուլմանական եւ քրիստոնեական փոքրամասնությունների Covid-19-ից մահացած ներկայացուցիչներին թաղելու համար, փոխանցում է BBC-ն:
Կառավարությունն ավելի վաղ փոքրամասնություններին ստիպում էր իրենց հանգուցյալներին դիակիզել բուդդայական մեծամասնության պրակտիկայի համաձայն: Իսլամն արգելում է դիակիզումը: Անցյալ շաբաթ, սակայն, կառավարությունը նահանջել է իրավապաշտպան խմբերի կտրուկ քննադատությունից հետո:
Մինար ծոցի Իրանատիվու կղզին դարձել է թաղումների վայր: Այն մայրաքաղաք Կոլոմբոյից շուրջ 300 կմ հեռավորության վրա է եւ ըստ կառավարության՝ ընտրվել է, քանի որ քիչ է բնակեցված:
Մուսուլմանները վրդովված էին թաղումների արգելման պատճառով, որը մտցվել էր անցյալ տարվա ապրիլին, եւ հայտարարել էին, որ այն գիտական հիմնավորում չունի: Մուսուլմանները կազմում են երկրի բնակչության մոտ 10 տոկոսը:
Colombo Gazette-ի տեղեկացմամբ՝ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կեխելյա Ռամբուկվելան հայտարարել է, որ կղզում հողամաս է հատկացվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մանրամասն հանձնարարական է տվել, թե ինչպես անվտանգ վարվել նրանց դիերի հետ, ովքեր մահացել են Covid-ից, բայց նաեւ նշում է, որ ոչ մի գիտական ապացույց չկա, որ ինֆեկցիայի կանխարգելման համար անհրաժեշտ է օգտագործել դիակիզումը:
ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարը հայտարարել է, որ դիակիզման քաղաքականությունը հաշվի չի առնում զոհերի եւ նրանց ընտանիքների անդամների կրոնական զգացումները, հատկապես մուսուլմանների, կաթոլիկների եւ որոշ բուդդայականների: