Խայտառակ պարտությունից հետո Փաշինյանը երկարացնում է քաղաքական ճգնաժամը և հրահրում քաղաքացիական պատերազմ՝ հրաժարվելով ընդունել իր պարտությունը և հրաժարական տալ․ Զատուլին (տեսանյութ)
Երբ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական կյանքում չհասավ հաջողությունների և արդյունքների, նա որոշեց լարել հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ պատասխանը հակառակորդի կողմից չուշացավ: Այս մասին տեսակամրջի ընթացքում ասել է ՌԴ հանրային խորհրդի նախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Նիկոլ Փաշինյանը չհասավ իր պատկերացրած արդյունքների ներքաղաքական կյանքում, նա որոշեց վիճաբանություններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերություններում: Մի կողմից վատթարացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, չունենալով պատկերացումներ՝ ինչ է կատարվում և ինչպես պետք է բանակցել, չհասկանալով զինվորական գործը: Այդքանից հետո Թուրքիան և Ադրբեջանը որոշեցին անել հաշվեհարդար և սկսեցին պատերազմ, որտեղ Հայաստանը կրեց խայտառակ պարտություն»,- ասաց Կոնստանտին Զատուլինը:
ՌԴ հանրային խորհրդի նախագահը նշեց, որ այդ սադրանքների և ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով Հայաստանը կորցրեց իր բոլոր բանակցային ռեսուրսները, որոնք նախկին իշխանությունները տարիներ շարունակ կուտակել էին՝ դրական արդյունքի հասնելու համար:
«Հայաստանը, պարտվելով, ոչ միայն կորցրեց բանակցային ռեսուրսները, այլ նաև բազմաթիվ տարածքներ, և այսօր այն, ինչ արվել էր տարիների ընթացքում, որպեսզի բանակցությունները կարողանան դրական արդյունք տալ և Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, պարզապես այդ բոլոր ռեսուրսները հանձնեցին, որպեսզի պատերազմը կանգ առնի»,- հավելեց նա:
Կոնստանտին Զատուլինը նաև նշեց, որ խայտառակ պարտությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հեռանում իր պաշտոնից, այլ, նաև քաղաքացիական պատերազմ հրահրելով, երկիրը տանում է փակուղի և եթե արտահերթ ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը, դա կլինի տոտալ բռնապետության հաստատում:
«Այսքանից հետո Փաշինյանը, այնուամենայնիվ, երկարացնում է այս քաղաքական ճգնաժամը և իրավիճակը տանում է դեպի փակուղի և հրահրում քաղաքացիական պատերազմ՝ հրաժարվելով ընդունել իր պարտությունը և հրաժարական տալ: Ես անտարբեր չեմ Հայաստանի նկատմամբ և կարծում եմ՝ ժողովուրդը չպետք է թույլ տա , որ իշխանության մնա մի ուժ, որը երկիրը հասցրել է այդ վիճակին: Եթե այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հաղթի արտահերթ ընտրություններում, դա կնշանակի բռնապետության հաստատում, Փաշինյանը օգտագործելու է վիրտուալ իրականությունը իր անձնական շահերի համար, որպեսզի մանիպուլացնի հանրության կարծիքը»,- ասաց Զատուլինը:
Նա նաև մեկնաբանեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը ազդել է ռուս-հայկական հարաբերությունների վրա։ «Պարոն Փաշինյանը այս ողջ ընթացքում երդվում էր, որ հավատարիմ է ռուս-հայ հարաբերություններին և համաձայնություններին, որոնք կնքվել էին նախկին իշխանությունների օրոք, Փաշինյանը այս համաձայնություններից դուրս չէր եկել, բայց ճգնաժամային իրավիճակները անդրադարձ ունեցան հայ-ռուսական հարաբերությունների վրա»,- մեկնաբանեց Կոնստանտին Զատուլինը:
ՌԴ հանրային խորհրդի նախագահը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ռուսական «Իսկանդերի» մասին: Զատուլինը նշեց՝ դա անհեթեթ և անհաջող «հումոր էր», որը լցրեց համբերության բաժակը: Նա նաև մեկնաբանեց, որ այլ ճակատներում զենքը աշխատել է և իրեն դրսևորել լավագույնս, իսկ Հայաստանի պարագայում անգամ չի կատարվել համակարգված ուժերի մոբիլիզացիա և չեն լուծվել վարչապետի կողմից պարզագույն խնդիրներ:
«Միանշանակ անտեղի և անհաջող հումորը ՌԴ «Իսկանդերի» որակի մասին, դարձավ համբերության վերջին կաթիլը և խոսքը մեր մասին չէ, այլ հենց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի: Չգիտես, թե ինչու այլ ճակատներում և պատերազմական իրավիճակներում «Իսկանդերը» նորմալ աշխատում է և պարզվում է՝ տվյալ իրավիճակում ՀՀ ԶՈՒ-ը հայտնեցին, որ չի եղել ճշգրիտ ղեկավարում, ուժերի մոբիլիզացիա, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել լուծել անգամ պարզագույն խնդիրները: Ադրբեջանը, Ռուսաստանը և հենց նույն հայերը հաստատեցին, որ ոչ մի «Իսկանդեր» չի աշխատել, բայց ինչո՞ւ է Փաշինյանը այդպիսի անպատասխանատու հայտարարություններ անում»,- ասաց ՌԴ հանրային խորհրդի նախագահը:
Կոնստանտին Զատուլինը նաև նշեց, որ այս պատերազմի ամենաանհավանական դրվագը եղել է Շուշիի հանձնումը, որը գրավելը տեսականորեն դժվար է պատկերացնել: «Այս պատերազմի ամենազարմանալի էպիզոդը եղել է Շուշիի հանձնումը, կցանկանայի իմանալ՝ ինչ կապ ունի ռուսական զենքը: Շուշին առհասարակ անհասանելի է ուղիղ հարձակման համար, ինչպե՞ս կարող էր ուղղակիորեն հանձնել, երբ Աբաս-Միրզան իր 40,000-անոց զորքով 40 օր պայքարել է, բայց չի կարողացել գրավել բերդը»,- ասաց Կոնստանտին Զատուլինը:
Տեսակամրջի ավարտին Զատուլինը նաև անդրադարձավ ռուս-հայկական հարաբերություններին և ընդգծեց՝ անհրաժեշտություն կա ռուսական զորքերի տեղակայման նաև Հայաստանում, մասնավորապես Սյունիքի մարզում: «Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ռուս 5000 զինվորականներ այսօր Հայաստանում են, ավելի կոնկրետ Գյումրիում, պաշտոնապես Ռուսաստանի խաղաղապահները 5 տարով եկել են Արցախ, բայց ես կարծում եմ՝ նրանք հավերժ կլինեն այնտեղ և ենթադրում եմ՝ որոշ ժամանակ անց պետք է հարց բարձրանա՝ ռուս խաղաղապահներ տեղակայվեն նաև Սյունիքում»,- ասաց ՌԴ հանրային խորհրդի նախագահը: