Անորոշությունը պահպանվում է նաև խոշոր հարկ վճարողների համար. Լիլիա Ամիրխանյան (տեսանյութ)
Հայաստանի տնտեսության անկումը դեռ շարունակվում է, մենք անգամ բազային իրավիճակին չենք հասել, որին սովորաբար հաջորդում է աճը, և դա փաստում է պաշտոնական վիճակագրությունը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
«Վիճակագրական կոմիտեն օրեր առաջ հրապարակեց 2021թ. հունվարի համար մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների օպերատիվ նախնական տվյալները, համաձայն որոնց` առևտրի և ծառայությունների ծավալները կրճատվել են համապատասխանաբար մոտ 15 և 10 տոկոսով: Այս պարագայում խելամիտ չէ տնտեսության վերականգնման մասին խոսելը»: Ըստ փորձագետի` կարևոր է հաշվի նստել հանգամանքի հետ, որ կառավարության նիստերից մեկում, երբ խոսվել է ՀԴՄ կտրոնների քանակի ավելացման, ուստի՝ տնտեսական վերականգնման մասին, հիմնվել են փետրվարի առաջին 15 օրերի տվյալների վրա, իսկ վիճակագրությունը ներկայացնում է հունվարի տվյալները. «Բայց այս պարագայում ևս շատ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ մտածելու, որ կարճ ժամանակահատվածում այս միտումների պարագայում, հնարավոր է ունենալ կտրուկ փոփոխություն, այն էլ այնպիսին, որը կհուշի տնտեսության վերականգնման մասին»:
Լիլիա Ամիրխանյանը հավելել է, որ մի կողմից երկուսուկես տարի ՀԴՄ-ներով տնտեսական հեղափոխոթյան մասին է խոսվում և երևում է դրա արդյունավետությունը, մյուս կողմից խնդրահարույց է կառավարության նիստում հնչած մեկ այլ տեսակետ, որով տնտեսության վերականգնումը կապում են պարտք կուտակված խնջույքների հետ:
Խոսելով երկրում ստեղծված անորոշությունների մասին, Ամիրխանյանը նշել է, որ այդպիսիք պահպանվում են նաև խոշոր տնտեսվարողների դեպքում: «Վերջերս ՊԵԿ-ը հանդիպում ունեցավ խոշոր տնտեսվարողների հետ, որի ժամանակ ընդգծվեց նրանց դերակատարությունը տնտեսության համար, այդ թվում՝ հավաքագրված հարկերում խոշորների ունեցած մասնաբաժինը: Լավ է, որ կան նման հանդիպումներ, բայց արդյո՞ք խոշորների նկատմամբ վերաբերմունք չէ նույն Սոթքի հանքավայրի հետ կապված պահպանվող անորոշությունը, որն ի դեպ, խոշոր հարկ վճարողների մեջ խոշորագույններից է»: Ըստ փորձագետի` նույնը վերաբերում է նաև Ամուլսարի հանքի շահագործմանը, որի շուրջ երկու տարվա անորոշության արդյունքում, փաստացի երկրին մնաց ներդրումային գրավչությանը հասցված հարվածը:
Մանրամասները՝ տեսանյութում: