Տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ ավելացնում են գերիների հարցով Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումները. Արա Այվազյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին խնդրեց անդրադառնալ գերիների հարցին, մասնավորապես Ադրբեջանի նախագահի հայտարարություններին այդ հարցի մասին՝ նշելով, որ մեզ համար ընդունելի չեն այդ ձևակերպումները:
Արա Այվազյանը նշեց, որ այդ հարցը մեր ամենակարևոր հարցերից մեկն է, գործում է միջգերատեսչական հանձնաժողով, և յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է իր աշխատանքը:
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունների կապակցությամբ ես, մամուլի խոսնակը արտահայտել ենք մեր կարծիքը, այն է, որ հումանիտար այս կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է, ինչը նաև հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարողների կողմից: Տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ ավելացնում են միջազգային ճնշումը այս հարցում Ադրբեջանի վրա»,-ասաց նա և հղում կատարեց Իտալիայի խորհդրարանի ընդունած բանաձևեին, որով կոչ էր անում Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այդ խնդրին:
Նախարարը նաև նշեց, որ այս հարցն ինքը բարձրացրել է տարբեր օղակներոմ, միջազգային կառույցներում: «Եթե հետևում եք արձագանքներին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,-հավելեց նա: