Այսօրվա ԱԺ նիստը արդարադատությանը միջամտելու վառ օրինակ է. Գևորգ Պետրոսյան
Ես այսօր պատգամավորներին արել եմ դիտողություն, որ չշեղվեն օրակարգից և օրակարգի հետ կապ չունեցող հարցեր չտան ԲԴԽ նախագահին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Դատավորի թափուր տեղի համար թեկնածությունների ներկայացումն է իրենք շեղվել են և ուրիշ հարցեր են տալիս, ինչ ասես հարցնում են, լավ ա չեն հարցնում՝ ի՞նչ են հուշում աստղերը, ե՞րբ է կնքվել քո մորքուրի մարդը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Գևորգ Պետրոսյանը նաև հավելեց՝ այսօրվա նիստը արդարադատությանը միջամտելու դասական օրինակ էր: «Ես արել եմ դիտողություն՝ մի շեղվեք օրակարգից և եթե խոսում ենք ԲԴԽ-ի մասին, անկախ դատարանի մասին, պետք է ԲԴԽ-ի նախագահը ԱԺ-ին հաշվետվություն չտա և սա դասական օրինակ է արդարադատությանը միջամտելու»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի հավաստմամբ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո են պատգամավորները ոգևորվել և օրակարգի հետ կապ չունեցող հարցեր տալիս Ռուբեն Վարդազարյանին:
«Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց ԲԴԽ-ի հետ կապված, հիմա պատգամավորներն էլ ոգևորվել են: Դուք սովորական պայմաններում կարո՞ղ եք ԲԴԽ մտնել կամ որևէ դատավորի մոտ փորձեք ընդունելության մտնել և կամ ի՞նչ է նշանակում պատգամավորը ԲԴԽ-ի նախագահին ասի՝ դուք ձեր աշխատանքը լավ եք կատարել»,- ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը նաև հավելեց՝ վարչապետը պատգամավորներին լարել է դատական համակարգի դեմ: «Նիկոլ Փաշինյանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում, ինքը խոսում է դատական համակարգի անկախությունն ավելացնելու մասին, մյուս դեպքում իրա պատգամավորներին լարում է դատարանի դեմ և ասում՝ ինչպես ուզում եք վարկաբեկեք դատարանին»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը:
Գևորգ Պետրոսյանը նաև անդրադարձավ Արմեն Սարգսյանի երեկվա գործողությանը և նշեց՝ Արմեն Սարգսյանը անտեր է թողել իրավիճակը և միջնորդագիրը:
«Արմեն Սարգսյանն ուներ եզակի հնարավորություն ազատվել այն մեղադրանքից, որ նա վարչապետի կամակատարն է, բայց փաստորեն Արմեն Սարգսյանը չկարողացավ այդ մեղադրանքից ազատվել: Նա ներկայացված միջնորդագիրն անտեր է թողել և համաձայնել իրավիճակին»,- ասաց պատգամավորը: