Ձեռքերը դրել է դեմքին և փորձել համբուրել շուրթերը. ԱՄՆ-ում ևս մեկ կին Նյու Յորքի նահանգապետին մեղադրել է անվայել պահվածքի համար
ԱՄՆ-ում ևս մեկ կին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել է անվայել պահվածքի համար, հաղորդում է The New York Times թերթը։
33-ամյա Աննա Ռուքի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին` իր ընկերների հարսանիքի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Կուոմոն:
Կնոջ պնդմամբ՝ Նյու Յորքի նահանգապետը մոտեցել է իրեն և մի քանի բառ փոխանակելուց հետո բռնել է իր գոտկատեղիից։ Հանդիպելով Ռուքի դիմադրությանը՝ Կուոմոն, ենթադրաբար, ձեռքերը դրել է նրա դեմքին և փորձել է համբուրել նրա շուրթերը, ինչին ի պատասխան կինը շրջել է դեմքը՝ նահանգապետին պարզելով իր այտը:
Ռուքը պնդել է, որ նահանգապետն իր գործողություններով իրեն «անհարմար դրության մեջ է դրել»։ Կուոմոյի ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ կինը նաև լուսանկար է տրամադրել, որն արվել է ընկերների կողմից։
Ավելի վաղ Կուոմոյի երկու նախկին օգնականները՝ Շարլոտա Բենեթը և Լինդսի Բոյլանը, նրան մեղարդել էին սեռական ոտնձգությունների համար: Բենեթը Կուոմոյի դեմ մեղադրանքներ էր հնչեցրել շաբաթ օրը, Բոյլանը՝ 2020 թվականի դեկտեմբերին։
Նշենք, որ Նյու Յորքի նահանգապետը հերքում է բոլոր մեղադրանանքերը։