«Նավթի և նավթամթերքի շուկան լռություն է սիրում». Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն նախապատրաստվում է ՕՊԵԿ+-ի հանդիպմանը

Ռուսաստանը երբեք չի կանխատեսում և չի հայտարարում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC+) հանդիպումներից սպասելիքների մասին, բայց դրա համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս հանդիպումները, և, ընդհանուր առմամբ, նավթի և նավթամթերքի շուկան, լռություն են սիրում, ուստի, բնականաբար, այս հանդիպման նախապատրաստական աշխատանքներով զբաղվում է փոխվարչապետը՝ Ալեքսանդր Նովակը», - պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե ինչ արդյունքներ է ակնկալում Ռուսաստանը ՕՊԵԿ+ հանդիպումներից:
Հիշեցնենք՝ մարտի 3-ին նախատեսված է դաշինքի նախարարների մշտադիտարկման հանձնաժողովի նիստը, իսկ մարտի 4-ին՝ ՕՊԵԿ+ համաձայնագրին մասնակցող բոլոր երկրների հանդիպումը, որտեղ որոշում կկայացվի գործարքի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Հանդիպումների նախօրեին ՕՊԵԿ+ երկրների մեծ մասը հակված է ապրիլից նավթի արդյունահանման ծավալն ավելացնելու հնարավորությանը՝ օրական 0,5 միլիոն բարել գործարքով:
Նշենք՝ կազմակերպությունը 2020 թվականի մայիսից ի վեր կրճատել էր նավթի արդյունահանումը օրական 9,7 միլիոն բարելով՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով պահանջարկի անկման ֆոնին: Իրավիճակի բարելավման հետ մեկտեղ սահմանափակումները ճշգրտվել են, և այս տարվա մարտի դրությամբ դրանք կազմում են օրական 7.05 միլիոն բարել: Ավելին, փետրվարին և մարտին միայն Ռուսաստանը և Ղազախստանը հնարավորություն են ստացել փոքր-ինչ ավելացնել արտադրությունը: