Աբխազիայի ընդդիմությունը հավաքվել է խորհրդարանի մոտ. պատճառը նախագահի նախկին օգնականի՝ Վրաստան կատարած այցն է

Աբխազիայի Պատերազմի վետերանների «Արուաա» ընդդիմադիր կազմակերպության ներկայացուցիչները երեքշաբթի հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, բողոքի ակցիայի համար պատճառ է դարձել տեղեկությունը, որի համաձայն` Աբխազիայի նախագահի նախկին օգնական Բինուր Կվիրայան այցելել է Վրաստան:
«Այստեղ (խորհրդարանի շենքի մոտ) մոտ 150 մարդ է հավաքվել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը գործակալության հետ զրույցում:
Աբխազիայի սոցցաներում երկուշաբթի տեսանյութ էր տարածվել, որում պաշտոնյան խնջույքի ժամանակ կենաց է հնչեցնում Դավիթ Կվարացխելիայի պատվին, որը կռվել է աբխազ ժողովրդի դեմ, և նրան իր ընկերն է կոչում:
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունը երեքշաբթի հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Կվիրայան փետրվարի 19-ին վայր է դրել երկրի ղեկավարի օգնականի պարտականությունները, և ոչ ոք նրան չի հանձնարարել բանակցել վրացական իշխանությունների հետ:
Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ համացանցում տարավծած տեսանյութը նկարահանվել է անցյալ տարի Աբխազիայի գյուղերից մեկում:
«Արուաա» կազմակերպության բարձրագույն խորհրդի անդամը կոչ է արել նախագահին իր դիրքորոշումը հայտնել: Ընդդիմության ներկայացուցիչները պատվիրակների են ընտրում Բժանիայի հետ հանդիպելու համար: