«Աշխարհն այնքան է փոխվել, որ պարզապես հիմարություն կլիներ այդ ուղղությամբ աշխատելը. դրա կարիքը բոլորովին չկա». Լուկաշենկոն` ՌԴ-ի և Բելառուսի միավորման գաղափարի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս-բելառուսական համագործակցության հարցով այսօր անցկացրած խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և Բելառուսի միավորման շուրջ խոսակցություններին:
Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, բելառուս առաջնորդը «հիմարություն» է որակել Ռուսաստանի և Բելառուսի՝ մեկ պետության մեջ միավորման գաղափարը:
«Այսօր աշխարհն այնքան է փոխվել, որ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե Բելառուսը պետք է ընդգրկվի Ռուսաստանի կազմում, կամ Ռուսաստանը պետք է ընդգրկվի Բելառուսի կազմում, կամ մենք ինչ-որ կերպ պետք է միավորվենք՝ կառավարման միասնական մարմիններ ստեղծելով: Աշխարհն այնքան է փոխվել, որ պարզապես հիմարություն կլիներ անգամ այդ ուղղությամբ աշխատելը: Եվ երկրորդ, դրա կարիքը բոլորովին չկա», - ասել է Լուկաշենկոն:
Նրա կարծիքով՝ Բելառուսը, մնալով ինքնիշխան պետություն, կարող է հարաբերությունների այնպիսի համակարգ մշակել, որն «առավել հզոր կլինի, քան Ռուսաստանի Դաշնության կազմում առանձին տարածքների հարաբերություններն են»: