Իրանի ԱԳՆ-ն հերքել Է Իսրայելի` Օմանի նեղուցում տեղի ունեցած հարձակմանը Թեհրանի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները
Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել Է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որոնք հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքներն, այլ նաև հետևել ենք այդ պետության (Իսրայելի) բոլոր գործողություններին, որոնք ուղղված են Իրանի անվտանգության դեմ»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «տարածաշրջանում անկայունության և ոչ անվտանգության հիմնական պատճառն Իսրայելի վարչակարգն Է»:
Մարտի 1-ին ավելի վաղ Իսրայելի վարչապետը Իրանին մեղադրել Է անցած շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման համար: Նրա խոսքով, «անտարակույս, դա եղել Է Իրանի գործողությունը»:
Փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առևտրական կազմակերպությունն իրազեկել Է Օմանի նեղուցի ափի մոտ նավի վրա պայթյունի մասին, ոչ ոք չի տուժել: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Dryad Global ընկերությունը, որը զբաղվում Է ծովում անվտանգության ապահովման հարցերով, հայտնել Է, որ խոսքը վերաբեում Է Helios Ray նավին, որը Սաուդյան Արաբիայի Դամմամ նավահանգստից մեկնում Էր Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ այդ նավը պատկանում Է Թել Ավիվից մի ընկերության և օգտագործվում Է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման համար: