Կենտրոնի թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքին. հայտարարություն
Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Այս մասին տեղեկցնում է Կենտրոն վարչական շրջանը:
«Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքին:
Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:
Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները իրազեկման ակցիա իրականացրին Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում, ապա շարժվեցին Բաղրամյան պողոտա: