ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացած հասանելի պատվաստանյութով
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ առանց երկմտելու կպատվաստվեր Johnson & Johnson ընկերության ներկայացրած հակակորոնավիրուսային պատվաստանյութով:
«ԱՄՆ-ում հաստատված բոլոր երեք պատվաստանյութերը շատ լավն են: Մարդիկ պետք է օգտվեն այն դեղամիջոցից, որն իրենց ավելի հասանելի է… Եթե J&J-ը հասանելի է հիմա, ես խորհուրդ կտամ այն»,- РИА Новости-ի փոխացմամբ՝ այս մասին Ֆաուչին ասել է NBC հեռուստաալիքի եթերում:
Միևնույն ժամանակ մասնագետը նշել է, որ պատվաստվել է Moderna ընկերության ստեղծած դեղամիջոցով:
Ավելի վաղ ԱՄՆ դեղամիջոցների վերահսկիչ մարմինը հավանության է արժանացրել Johnson & Johnson ընկերության արտադրանքը, որը փորձարկումների ժամանակ ավելի ցածր արդյունավետություն է ցույց տվել, քան երկրում արդեն իսկ կիրառվող Moderna և Pfizer ընկերությունների պատվաստանյութերը:
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 68 000 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով ավելի քան 28,5 մլն-ի: Վիրուսից մահացության ցուցանիշը համաճարակի ողջ ընթացքում կազմում է ավելի քան 510 հազար դեպք: