Հնդկաստանի վարչապետն առաջինն է ներարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստման համազգային գործընթացի երկրորդ փուլի մեկնարկին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկուշաբթի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ դառնալով առաջին մարդը, որը ներարկվել է երկրում զանգվածային ընթացող պատվաստման գործընթացի երկրորդ փուլի շրջանակներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին վարչապետն ինքն է հայտնել:
«Ստացա «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի իմ առաջին չափաբաժինը Բժշկական հետազոտությունների համահնդկական ինստիտուտում: Հիանալի է, որ մեր բժիշկներն ու գիտնականներն արագացված տեմպով աշխատում են կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի ակտիվացման ուղղությամբ»,- իր թվիթերյան էջում գրել է 70-ամյա քաղաքական գործիչը:
Հնդկաստանում երկուշաբթի մեկնարկել է պատվաստման գործընթացի երկրորդ փուլը, որի ընթացքում ներարկման առաջնահերթ իրավունք կստանան 60-ից բարձր տարիքի անձինք, ինչպես նաև 45-ից բարձր տարիքի բնակիչները, որոնք ուղեկցող հիվանդություններ ունեն:
Ընդհանուր առմամբ, պատվաստումներն ասիական երկրում սկսվել են հունվարի 16-ին: Առաջին փուլի շրջանակներում նախատեսվում էր պատվաստել մինչև 30 մլն մարդու: Դեռևս ներարկում են ստացել 14 301 266-ը:
Հնդկաստանում կիրառվում են 2 պատվաստանյութեր՝ բրիտանական AstraZeneca ընկերության դեղամիջոցը, որը մշակվել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների հետ համատեղ, և հնդկական Bharat Biotech ընկերության ստեղծած դեղամիջոցը:
Երկրում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 11 մլն-ը, մահացածներինը՝ 157 հազարը: