Նիկոլ Փաշինյանը ձեզ շատ ավելի նվազ է դասում, քան իր ուսապարկը. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթով դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ կոչ անելով հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
Նա նշեց՝ «Իմ քայլի» պատգամավորները, որոնց մեջ կան ազնիվ մարդիկ, այսօր քաղաքական պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին: «Նիկոլ Փաշինյանը ձեզ շատ ավելի նվազ է դասում, քան իր ուսապարկը: Թոթափեք այդ կեղծ բարեպաշտությունը, թոթափեք նիկոլիզմը ձեր ուսերից, քանի որ նիկոլիզմը ամենաեղկելի, ամենավտանգավոր, ազգակործան աղանդն էր, որը կործանեց Արցախը»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հայոց պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի անունը ամրագրվել է որպես դավաճան, որպես հողատու, ով հանձնեց Արցախի 75 տոկոսը: «Նիկոլը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հենարան, նրա հենարանը մնացել է միայն չարությունը, մաղձը, ատելությունը»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Նիկոլը համաշխարհային պատմության մեջ մնալու է որպես պոպուլիզմի, դեմագոգիայի, մանիպուլացիայի հանճար: «Նիկոլը մեզնից վերցրել է մեր արժանապատվությունը: Նիկոլ, այո՛, դու միակ մեղավորն ես, քանի որ քանիցս հնարավորություն ունեիր կասեցնելու ողբերգական, պետականակործան պատերազմը: Նիկոլ, քո ձեռքն արյունոտ է, որովհետև եթե հոկտեմբերի 19-ին դու կանգնեցնեիր պատերազմը, ինչի առաջարկը արվել է ՌԴ նախագահի կողմից, Շուշին կմնար մեր տիրապետության տակ, դու չարեցիր: Աբսուրդ է, չկա համաշխարհային պատմության մեջ այդպիսի ղեկավար, երբ քեզ պարտության մատնած երկրի ղեկավարը միջամտի քո երկրի գործերին:
Սա պետական հեղաշրջում չէ, սա մտքի, բանականության, սա հայրենասիրության հեղափոխություն է, և այս հեղափոխությունը անպայմանորեն հաղթելու է Նիկոլի ատելությանը, թշնամանքին, հային հայի դեմ հանելու փորձերին»,-ասաց նա և նշեց, որ եթե մնա Նիկոլ Փաշինյանը, ապա կծածկվի Հայաստանի պետականության էջը: