Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել
Քիչ առաջ քննչականի ծանր հանցագործությունների քննության բաժնում գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Նշենք, որ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը:
Այն Ռումինիայի նախկին ղեկավար Նիկալա Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության մասին էր։
Հիշեցնենք, որ ֆուտուրիստական ներկայացումն ավելի վաղ՝ փետրվարի 20-ի մեծ հանրահավաքից առաջ պետք է ներկայացվեր, սակայն այ ժամանակ ոստիկանությունը բերման ենթարկեց ներկայացման բեմադրիչ Նարեկ Մալյանին և թույլ չտվեց մասնակիցներին Ազատության հրապարակ տանել ներկայացման ռեկվիզիտները։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ վերոնշյալի առնչությամբ գրել է, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ նույնիսկ ՀՀ քննչական մարմինները «դավաճան» եզրույթը ուղղակի կապում են և մատնացույց անում Նիկոլ Փաշինյանին:
«Դատավարական փաստաթուղթը՝ Նարեկ Մալյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, իմ ձեռքի տակ է և կհրապարակվի քննիչի թույլտվության դեպքում:
Ով արտաբերում է «դավաճան» բառը, նա ուղղակիորեն նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ ըստ ՀՀ քննչական մարմինների և դատախազության»,- գրել է Աթանեսյանը: