Հայաստանում «հեղաշրջումը» վկայում է, որ Հարավային Կովկասում ԵՄ աստղը մարում է. EUObserver
Հինգշաբթի (փետրվարի 25-ին) Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձի ընթացքում որևէ բռնի գործողություն տեղի չի ունեցել, այնուամենայնիվ դա Հարավային Կովկասում ԵՄ ազդեցությունը թուլացրեց առավել, քան երբևէ, գրում է բելգիական EUObserver-ը` անդրադառնալով ՀՀ գեներալիտետի` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Փաշինյանն իրեն ուղղված պահանջը ռազմական հեղաշրջում է որակել` հայտարարելով, որ իշխանությունը պետք է պահել ժողովրդի ձեռքերում:
«Բանակը չի կարող մասնակցել քաղաքական գործընթացներին, այն պետք է ենթարկվի ժողովրդին», - հայտարարել է Փաշինյանը՝ պահելով բարձրախոսն ու կանգնելով կնոջ ու երեխաների կողքին:
Լարվածության գագաթնակետը հասել է այն բանից հետո, երբ մարտական ինքնաթիռը թռչել է ցուցարարների վրայով: Ինքնաթիռի` երկնքում հայտնվելը ուրախ արձագանք է առաջացրել Փաշինյանի աջակիցների հավաքի մասնակիցների շրջանում: Ինչ վերաբերում է նրա հակառակորդներին, որոնք ևս հանրահավք էին անցկացնում այդ օրը, ապա նրանք աղբատարներից բարիկադներ են կառուցել: Սակայն ուրբաթ առավոտյան ռազմական միջամտության կամ խաղաղ բնակիչների միջև բախումների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Այնուհետև Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը «բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»:
«Մենք ակնկալում ենք, որ իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ զրույցում:
Հայաստանի տարածաշրջանային թշնամին`Ադրբեջանը, չարախնդությամբ լի հայտարարություն է տարածել:
«Հայաստանը երբեք այսպիսի ողբալի վիճակում չի եղել: Հենց նրա ղեկավարներն են նրան այս վիճակին հասցրել»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի դաշնակից Թուրքիան դատապարտել է հայ զինվորականների գործողությունները:
Եվրամիության ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդարտության կոչ են արել:
«Մենք կոչ ենք անում բոլոր մասնակիցներին ... զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից և ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրացման», - ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ... խաղաղորեն նվազեցնել լարվածությունը», - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Ենթադրվում էր, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է մերձենային Եվրամիությանը, այսպես կոչված, Արևելյան գործընկերության ծրագրի արդյունքում, որի իրագործումը մեկնարկել էր դեռ 2009-ին:
Փոխարենը, Ռուսաստանն էր, որն այս ժամանակահատվածում զգալիորեն մեծացրեց իր ազդեցությունը:
Մինչ այժմ հինգշաբթի օրվա իրադարձություններին Ռուսաստանի ներգրավվածության մասին ապացույց չկա:
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր ռազմաբազան հայկական Գյումրի քաղաքում, որտեղ արդեն տեղակայված է 3000 ռուսական զորք: Բացի այդ, Մոսկվան վերջերս 2000 զինծառայող է ուղարկել Լեռնային Ղարաբաղ`խաղաղություն պահպանելու համար:
Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունը բախման հիմնական պատճառն է Փաշինյանի և զինված ուժերի ղեկավարների հետ, որոնց մի մասին նա վերջերս աշխատանքից հեռացրել է:
Բացի այդ, Փաշինյանը քննադատել է ռուսական «Իսկանդեր» հրթիռները, քանի որ Լեղնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ արձակված հրթիռները, ըստ նրա, «ընդհանրապես չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»:
Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս հայտարարությունից հետո հստակեցրել է. «Ռուսական տեխնոլոգիաները բազմիցս ցույց են տվել իրենց արդյունավետությունը աշխարհի տարբեր մասերում»: