Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով կան զոհեր. The Washington Post
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ամերիկյան զինուժի՝ Սիրիայում իրանամետ շիա մուսուլմանական խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին ավիահարվածներ հասցնելու հետևանքով կան զոհեր, հայտնում է The Washington Post-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ հարվածը մի քանի մարդկանց զոհվելու պատճառ է դարձել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետնագոնում հայտարարել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս քայլը, ինչպես նշել է Պենտագոնը, պատասխան է Իրաքում վերջերս ԱՄՆ-ի և միջազգայն կոալիցիոն ուժերի վրա հարձակմանը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս առնչությամբ շեշտել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ապավինում են իրաքյան կողմի հետախուզական տեղեկատվությանը և վստահ են հարվածի ճշգրտության հարցում:
Դեպքից հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին: Նա նշել էր, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացված ավիահարվածներից հետո Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը: