Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարը Ռուսաստանն անվանել է «ամենավտանգավոր սպառնալիք»
Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարը Ռուսաստանն անվանել է «ԱՄՆ-ի ու նրա դաշնակից ՆԱՏՕ-ի ամենավտանգավոր սպառնալիք», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Միեւնույն ժամանակ, ռազմաօդային ուժերի գեներալ, ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավար եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսը զգուշացրել է, որ «այս դարաշրջանում հաղթանակը թույլ չի տալիս գլոբալ մրցակցությունը վերածվի գլոբալ պատերազմի»:
«Ռուսաստանը մնում է մշտական էկզիստենցիալ սպառնալիք Միացյալ Նահանգների եւ մեր եվրոպական դաշնակիցների համար»,- ասել է Ուոլթերսը՝ վիրտուալ ձեւաչափով ելույթ ունենալով ՌՕՈՒ ասոցիացիայի սիմպոզիումում:
«Չնայած միջազգային լայն դատապարտմանը եւ տնտեսական պատժամիջոցներին՝ Ռուսաստանը զբաղվում է ապակայունացնող եւ չարամիտ գործունեությամբ ամբողջ աշխարհում, եւ այդ գործունեության մեծ մասը տեղի է ունենում տնից ոչ հեռու»,- շարունակել է գեներալը:
Ուոլթերսը հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել խորհրդային ժամանակաշրջանի ազդեցության ոլորտը՝ պահպանելով կամ գործադրելով ուժեր նախկինում ԽՍՀՄ-ի կազմում եղած հարեւան ինքնիշխան պետություններին հարկադրելու համար:
Այս գլոբալ մրցակցության մեջ, նրա խոսքով, Ռուսաստանը օգտագործում է ոչ ավանդական գործիքներ, ինչպիսիք են մասնավոր ռազմական ընկերությունները՝ ամերիկացի դաշնակիցներին եւ գործընկերներին վախեցնելու, թուլացնելու եւ բաժանելու համար:
Ուոլթերսն ընդգծել է Արկտիկայի կայունությունն ու անկոնֆլիկտայնությունը պահպանելու կարեւորությունը:
«Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք իրենց համարում են մերձարկտիկական տերություն, շարունակում են տարածաշրջանի միլիտարիզացիան եւ փորձում են տնտեսական հիմք ստեղծել տարածաշրջանային կառավարման վրա ազդելու համար»,- ասել է նա:
«Ռուսաստանի եւ Չինաստանի գործողությունները ցույց են տալիս, թե որքան կարեւոր է, որպեսզի Եվրոպական հրամանատարությունը միավորվի մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ` հուսալի արկտիկական զսպման եւ կապի կարեւոր գծերը բաց պահելու միջոցով ապահովելով Գրենլանդիայի, Իսլանդիայի եւ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության հետ միջանցքների անվտանգությունը»,- ամփոփել է ամերիկացի հրամանատարը: