Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է արել «Եհովայի վկաներ» կազմակերպությունը դուրս բերել ծայրահեղական կառույցների ցանկից ու վերացնել գործունեության արգելքը երկրի տարածքում
Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է արել «Եհովայի վկաներ» կազմակերպությունը դուրս բերել ծայրահեղական կառույցների ցանկից՝ անհանգստացած լինելով դրա երկու անդամների ազատազրկման կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի նամակին:
«Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ռուսաստանյան դատարանը Վալենտինա Բարանովկսայային և նրա որդուն՝ Ռոման Բարանովսկիին 2 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել: Ռուսաստանին կոչ ենք անում վերացնել «Եհովայի վկաներ»-ի նկատմամբ գործող արգելքը»,- ասված է հաղորդագրությունում:
Դատարանը վճռել էր, որ 2017-2019 թթ. մեղադրյալները, իմանալով Աբական քաղաքում կրոնական կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ, կազմակերպել ու ապահովել են դրա հետագա գործունեությունը՝ տարածելով վերջինի գաղափարախոսությունը, հոգևոր հավաքներ ու ծիսակատարություններ կատարել, գումարներ հավաքագրել կազմակերպության կարիքների համար, միջազգային կապեր ստեղծել:
2017 թ-ից «եհովայի վկաներ»-ի գործունեությունը ՌԴ տարածքում օրենսդրորեն արգելվել է: