Մենք բարիկադներով փակելու ենք փողոցը և Ազատության հրապարակից այսօր չենք հեռանալու. Վազգեն Մանուկյան
Պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավորներից՝ ներկայանալ Ազատության հրապարակ, գալ և քվեարկել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա այդ պաշտոնից, մենք փակելու ենք այս փողոցը և այսօր չենք պատրաստվում այստեղից գնալ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ժամանակ նշեց շարժման Վազգեն Մանուկյանը:
«Մենք այսօր մնալու ենք այստեղ, թող գա, մենք նրանք կթելադրենք մեր պահանջները՝ ոնց պետք է ինքը հեռանա: Այս պայքարը մեր հետագա բոլոր սերունդների համար է, սա պատմական պահ է, սպասելու ենք ԱԺ-ի պատգամավորերին, թող գան այստեղ, որպեսզի քվեարկեն և իրեն հանեն այդ պաշտոնից: Մենք այսօր ամբողջ գիշեր ենք մնալու և բարիկադներով երկու ծայրից փակելու ենք փողոցը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը ելույթի ժամանակ նաև անդրադարձավ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և նշեց՝ մենք ոչ թե սուր կարծիք ենք արտահայտում, մենք համարում ենք նրան դավաճան և հազարամյակի թշնամի:
«Մինչև մեր հարցը չլուծենք մենք այստեղից չենք հեռանալու: Ինքը հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց և դրա հետ միասին հայտարարում է՝ համաձայն է նրա հասցեին սուր արտահայտվողների հետ հանդիպել: Մենք սուր չենք քննադատում, մենք Փաշինյանին ընկալում ենք որպես հայրենիքի դավաճան, հազարամյակի թշնամի, իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկել՝ ոնց է դուրս գալու իշխանությունից, իսկ այդ հարցը լուծվելու է ԱԺ-ում»,- ասաց նա: