«Կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գալու է օրը, երբ այդ հրամաններն արձակողները պատասխան են տալու»․ Գ․ Մանուկյանն ընթերցեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վ․ Օսիպյանի կոչը՝ ուղղված ոստիկաններին
Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարեցմ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես է եկել կոչով, և ընթերցեց այդ կոչը․
«Հարգելի գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։ Այդպես եղել է նաեւ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության և ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։ Տևական ժամանակ է՝ ցավ եմ ապրում և հետևում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներ։ Ոստիկանության հարգելի գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս Ձեզ։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի և սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։ Պատիվ եմ ունեցել Ձեզանից մեկը լինել»։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: