Սահմանադրությամբ վարչապետը ոչ մի բարձրաստիճան զինվորականի չի ազատում, առաջարկում է նախագահին, իսկ ակնհայտ սուբյեկտիվ քաղաքական առաջարկության դեպքում նախագահը վերադարձնում է առաջարկությունը․Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ՀՀ վարչապետը որևէ բարձրաստիճան զինվորականի չի ազատում աշխատանքից, այլ առաջարկում է նախագահին, որը կարող է մերժել այն։
«Կարճ նկատառում. Սահմանադրությամբ վարչապետը ոչ մի բարձրաստիճան զինվորականի չի ազատում։ Առաջարկում է նախագահին, իսկ ակնհայտ սուբյեկտիվ քաղաքական առաջարկության դեպքում նախագահը վերադարձնում է նման առաջարկությունը:
Սահմանադրություն խախտողներ` կարդացեք այն»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: