Փաշինյանի կողմից հանրահավաքի անցկացումը քաղաքացիական պատերազմի հրահրում է․ դա որևէ քաղաքական, պետական գործչի երբևէ չի ներվել և չի ներվելու․ Նարինե Դիլբարյան
Նոյեմբերի 9-ից հետո արդեն ակնհայտ էր, որ հրադադարը ձգձգած, պատերազմը ձախողած ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ-ն տանում է դեպի նոր ցնցումների։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով բանակի կողմից իշխանության հրաժարականը պահանջելուն և Փաշինյանի՝ հանրահավաք իրականացնելու հայտարարությանը։
«Այս փուլում այդ հանրահավաքի կայացումը նշանակում է հրահրել քաղաքացիական պատերազմ, իսկ դրա հրահրումը ոչ մի քաղաքական, պետական գործչի երբևէ չի ներվել և չի ներվելու։ Հարցը կարգավորելու և անձնակենտրոն, իր կողմից հրահրված խնդիրները լուծելու փոխարեն մարդկանց հրապարակ հրավիրելը նշանակում է՝ դիմել սադրանքների։ Մեր նպատակն է կանխել այդ սադրանքը և թույլ չտալ ՀՀ պետականության և սահմանադրական կարգի վտանգում»,-ասաց Դիլբարյանը։
Նա նշեց՝ դեռ պատերազմից հետո են հայտարարել՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ընտրվի նոր վարչապետ ու փորձի հանգուցալուծել երկրի առջև ծառացած խնդիրները։
«Ցավոք, այդ ամենը չկատարվեց, ողջամտության ձայնին պատկան մարմինները չարձագանքեցին, իսկ այսօրվա զարգացումներն արդեն վկայում են, որ վարչապետի հրաժարականն այլընտրանք չունի, Հայաստանում ճգնաժամը պետք է կարգավորվի սահմանադրական և օրենսդրական ճանապարհով, մենք իրավունք չունենք այդքան կորուստներ, վտանգված Արցախ և ՀՀ սահմաններ ունենալուց հետո հրահրել քաղաքացիական պատերազմ։ Քաղաքացիական պատերազմի և ոստիկանության կողմից ուժի կիրառման պարագայում միակ մեղավորը լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Դիլբարյանը։
Ըստ քաղաքական գործչի՝ այժմ ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանրային ուժերը պետք է հավաքվեն, սկսեն անհապաղ խորհրդակցություններ՝ ՀՀ-ն, իր խոսքով, «վարչապետական ճգնաժամից» դուրս բերելու համար։
Հարցին՝ ինչու Փաշինյանը չի հեռանում խաղաղ ճանապարհով, Դիլբարյանն արձագանքեց․ «Սկսած պատերազմի օրերից մինչև այս հետպատերազմական օրերը ես որևէ տրամաբանություն նրա գործողություններում, ցավոք սրտի, չեմ տեսնում»։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: