Hyundai Motor-ը կփոխի ամբողջ աշխարհում շուրջ 82 հազար էլեկտրամեքենաների մարտկոցները
Hyundai Motor ընկերությունը ամբողջ աշխարհում շուրջ 82 հազար էլեկտրամեքենաների մարտկոցները կփոխի բռնկման վտանգի պատճառով՝ խնդիր, որն ավելի վաղ տեղի ունեցած հետկանչի համակցությամբ ավտոարտադրողի համար, ամենայն հավանականությամբ, կարժենա 900 մլն դոլար, հայտնում է Reuters-ը:
Վերջին հետկանչի մեծ մասը վերաբերում է Kona EV հանրահայտ մոդելին, որն առաջին անգամ հետ է կանչվել հոկտեմբերին՝ հրդեհների շարքից հետո ծրագրային ապահովման թարմացման համար:
Բայց հունվարին հետ կանչված ավտոմեքենաներից մեկը կրկին բռնկվել էր, եւ Հարավային Կորեայի իշխանությունները հետազոտություն էին սկսել՝ պարզելու համար, թե արդյո՞ք համարժեք է եղել առաջին հետկանչը:
Նոր հետկանչը վերաբերում է շուրջ 76 հազար Kona EV-ի, ինչպես նաեւ որոշ Ioniq EV եւ Elec City մոդելների:
Երկրի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ գրանցվել է Kona EV-ի բռնկման մոտ 15 դեպք. Հարավային Կորեայում՝ 11, Կանադայում՝ 2 եւ մեկական՝ Ֆինլանդիայում ու Ավստրիայում:
Hyundai ընկերության հայտարարության մեջ նշված է, որ հետկանչի համար ենթադրվող 1 տրլն հարավկորեական վոն ծախսից մոտ 38,9 մլրդ վոնը կապված էր առաջին հետկանչի հետ: