Պատկերացնո՞ւմ եք, եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան, դա նշանակում է, որ մենք ամեն ինչ պետք է վերանայենք․ Անդրանիկ Քոչարյանը՝ «Իսկանդերի» խնդիրներ ունենալու մասին
Ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, շատ լավ գիտեք, որ շատ բան գիտեմ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով։ Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:
«Երբ Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր բաների մասին է խոսում, եթե շարքային քաղաքացին այդպիսի բան ասեր, ես անդրադարձ չէի կատարի, բայց ինքը վարչապետ է աշխատել և խոսում է այնպիսի բաների մասին, որ վաղն օգտագործվելու է ՀՀ–ի դեմ։ Այդպիսի դրսևորում են ցուցաբերում նաև շատ-շատ նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև Սերժ Սարգսյանը։
««Իսկանդերի» թեման բացեց Սերժ Սարգսյանը, որը անթույլատրելի էր, և հիմա դուք ուզում եք՝ ես էլ շարունակեմ այդ թելը թելե՞լ, չեմ անի։ Պարզապես ես ենթադրում եմ, որ պարոն Փաշինյանն առանց անուն տալու նշեց, որպես մերժվածը, իսկ որ Սերժ Սարգսյանը և ամբողջ համակարգը մերժված են, ցույց է տալիս այսօրվա քաղաքական դաշտի պատկերը։ Սերժ Սարգսյանի 4-ժամյա հարցազրույցները՝ երկու մասից բաղկացած, ազգային անվտանգության տեսանկյունից շատ մեծ վտանգներ են իրանցից ներկայացնում ապագայի համար»,–ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ չի հաստատի կամ հերքի, թե «Իսկանդերի» կրակոցը որ ուղղությամբ է եղել։ «Բայց «Իսկանդերը» աշխատող է, թե ոչ, ես կարծում եմ՝ ՀՀ վարչապետի հնչեցրած այդ տեսակետը ուսումնասիրման կարիք ունի և, անպայման, առանց հայտարարություններ անելու, օրինակ՝ ինձ էլ է հետաքրքիր վերջին տասնհինգ տարում մեր ձեռքբերումները՝ սպառազինության առումով, ճիշտ են եղել, թե սխալ, աշխատող են, թե ոչ։
Բայց պատկերացնո՞ւմ եք, եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան, դա նշանակում է, որ մենք ամեն ինչ պետք է վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, մենք առաջ գնալու մասին ենք մտածում։ Այսինքն` ապագա ձեռք բերվելիք սպառազինությունները պետք է խիստ վերահսկողության տակ լինեն, վերահսկողությունը պետք է լինի ավելին, քան մինչ այժմ նախատեսված է եղել»,–ասաց նա և նշեց, որ այստեղ իրենց հանձնաժողովը ևս անելիք ունի։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իշխանություն գալուց հետո ստուգումներ չեն իրականացվել, քանի որ նման բան ոչ մեկի մտքով չէր անցնի։ Դիտարկմանը, թե Շուշիի ուղղությա՞մբ է եղել «Իսկանդերի» օգտագործումը, ինչի մասին ասել է Մովսես Հակոբյանը, Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Երկուսն էլ Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարություն են արել, որը սխալ է, սուտ է։ Ես չգիտեմ, ով այդպիսի բան է ասում, երևի ինքը ավելի լավ գիտի, և պետք է համապատասխան կառույցները մի հատ իրեն հարցնեն, թե որտեղից գիտի՝ որ ուղղությամբ ինչ ենք կիրառել, կամ Հայաստանը կիրառել է, թե ոչ»,–ասաց նա։
Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ բանակը վերակազմավորման փուլում է և այդ հարցում ՀՀ ռազմավարական գործընկերոջ ներգրավվածությունը բավական ծանրակշիռ է, ինչը հնարավորություն է տալիս հրադադարի ռեժիմը պահելու։