Դուք չէի՞ք, որ լրագրողներին նույնականացնելով իրենց լրատվամիջոցների սեփականատերերի հետ` հնարավոր ամեն կերպ ճամբարավորում էիք, ատելություն ու թշնամանք էիք քարոզում նրանց հանդեպ. Դավիթ Սարգսյան
Լրագրողների դեմ բռնությունների անընդունելիությունի՞ց եք խոսում: Իսկ ի՞նչ էիք ակնկալում, եթե դա ձեր նպատակամղված քարոզն է եղել, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավար Դավիթ Սարգսյանը:
«Դուք չէի՞ք հնարավոր ամեն կերպ ճամբարավորում, բարիկադավորում ու սեգրեգացնում լրատվամիջոցներն ու լրագրողներին:
Դուք չէի՞ք, որ լրագրողներին նույնականացնելով իրենց լրատվամիջոցների սեփականատերերի հետ` ատելություն ու թշնամանք էիք քարոզում նրանց նկատմամբ:
Դուք չէի՞ք ստորաքարշ և «վերահսկելի» լրագրողներին «մաքրագործում», հեղափոխականի պիտակ կպցնում, կարգում մեդիամենեջեր կամ առաջատար զրուցավար` «մոռանալով» նրանց վարքը «նախկինների» օրոք
Դուք չէի՞ք անջատիչով ֆեյքային գրոհներ և կեղտոտ մեդիաարշավներ կազմակերպում ձեզ համար անցանկալի լրատվամիջոցների և լրագրողների դեմ:
Դուք չէի՞ք, որ «հարկատուներից սնվող» լրատվամիջոցի լրատվական ծառայության որակն իջեցրիք պատմական մինիմումի, իսկ դրա կառավարելիությունը հասցրիք պատմական մաքսիմումի:
Դուք չէի՞ք, որ ամենալկտի ու խուլիգանական ձևով էիք արձագանքում խորհրդարանի միջանցքներում ձեզ հարց տվող լրագրողներին:
Դուք չէի՞ք, որ հանրապետական սփռումից զրկեցիք ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկին:
Դուք չէի՞ք, որ լրագրողներին ուզում էիք զրկել անանուն աղբյուրներից օգտվելու իրավունքից:
Դուք չէի՞ք, որ ինչ էլ անեիք մամուլի դեմ` ձեր գրպանային «քաղհասարակությունը» լուռ էր:
Դուք չէի՞ք, որ արտակարգ, ապա ռազմական դրության կարգավորումներով լռեցրիք լրագրողներին, ստիպեցիք ձայնակցել ձեր «պաշտոնական ապատեղեկատվությանը»:
Դուք չէի՞ք, որ մարզային այցերի ընթացքում «Վարչապետ ջան, «Արմնյուզը» փակի» էժանագին շոոուներ էիք կազմակերպում:
Դուք չէի՞ք, որ ակնհայտ թշնամական տեղեկատվություն տարածող լրատվականներին աչքի լույսի պես էիք վերաբերվում:
Հ.Գ. 1. Ակնածանքս մասնագիտության պատիվը գետնով չտված իմ բոլոր գործընկերների նկատմամբ:
Հ. Գ. 2. Մեկ-երկու օրից տևական ժամանակով արձակուրդ եմ վերցնելու Ֆեյսբուքից»,- գրել է Սարգսյանը: