«Covid-19»-ից մահացության ցուցանիշը մեկ շաբաթում նվազել է 20%-ով. ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում
«Քովիդ-19»-ով վարակման, ինչպես նաև վիրուսից մահվան նոր դեպքերի թիվն աշխարհում շարունակում է նվազել, իսկ երկրների, որտեղ կորոնավիրուսի մուտացիաներ են հայտնաբերվել, շատանում են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
«Աշխարհում գրանցված վարակման նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել վեցերորդ շաբաթն անընդմեջ: Անցյալ շաբաթ արձանագրվել է վարակման ավելի քան 2,4 մլն դեպք, ինչը 11 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվանից: Մահվան նոր դեպքերի թիվը նվազում է վերջին երեք շաբաթների ընթացքում: Անցյալ շաբաթ արձանագրվել վիրուսով պայմանավորված մահվան ավելի քան 66 000 դեպք, ինչը 20 տոկոսով ավելի քիչ է նախորդ շաբաթվա համեմատ»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:
Միջազգային կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է վարակման 2 457 026 դեպք, որից 66 359-ը՝ մահվան ելքով:
Միևնույն ժամանակ ԱՀԿ-ից նշում են, որ կորոնավիրուսի նոր շտամները շարունակում են տարածվել: Նախնական տվյալներով՝ «բրիտանական» շտամը հայտնաբերվել է 101 երկրում, «հարավաֆրիկյանը»՝ 51, իսկ «բրազիլականը»՝ 29 երկրում: