Վենեսուելայի խորհրդարանը պահանջել է երկրից արտաքսել ԵՄ դեսպանին՝ ի պատասխան պատժամիջոցների
Վենեսուելայի Ազգային ասամբլեան (միապալատ խորհրդարան) դիմել է կառավարությանը՝ պահանջելով պերսոնա նոն գրատա հայտարարել երկրում ԵՄ դեսպան Իսաբել Բրիլանտե Պեդրոսին՝ ի պատասխան Կարակասի դեմ պատժամիջոցների, տեղական աղբյուրներին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես երկու ձեռքերս բարձրացնում եմ ի նշան Եվրամիության ներկայացուցիչին պերսոնա նոն գրատա հայտարարելու»,- ասել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը՝ կոչ անելով վերանայել այն պայմանները, որոնց հիման վրա ԵՄ-ի առաքելությունը կգտնվի Վենեսուելայում։
Ավելի վաղ ԵՄ-ն Վենեսուելայի պետծառայողների դեմ պատժամիջոցներ էր ընդունել։ Սև ցուցակում ընդգրկված է ևս 18 մարդ, այդ թվում՝ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի նախագահ Ինդիրա Ալֆոնսոն, փոխնախագահ Լեոնարդո Մորալեսը, Վենեսուելայի զինված ուժերի ռազմավարական օպերատիվ հրամանատարության ղեկավար Ռեմիխիո Սեբալյոս Իչասոն, ինչպես նաև Ազգային ժողովի անդամներ և դատավորներ: Վենեսուելայի հարցով Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 55 ֆիզիկական անձ: