Boeing 737 տիպի օդանավում ուղևորներ չեն եղել, թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է. ՔԱԿ
Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Boeing 737 տիպի օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ:
Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:
Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:
Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո:
Նշենք, որ ավելի վաղ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:
Թեմային անդրադարձել է նաև վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Նա նշել է, որ Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, բայց «տեխնիկական անսարքության հետևանքով» հայտնվել է Թեհրանում։
Վերոնշյալին արձագանքելով՝ ՔԱԿ-ը հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին: