«Նրանք միայն հոգեբանական պատերազմներ են մղում»․ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելն ի վիճակի չէ Իրանի վրա հարձակում գործել
Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին չորեքշաբթի հակիրճ պատասխանել է իսրայելական զինված ուժերի շտաբի պետ Ավիվ Քոչավիի սպառնալից դիտողություններին, հայտնում է Tehran Times–ը: Մեկնաբանելով Քոչավիի սպառնալիքները՝ Ջահանգիրին լրագրողներին ասել է. «Իսրայելն ի վիճակի չէ սպառնալիք լինել Իրանի համար»:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին նույնպես պատասխանել է իսրայելական սպառնալիքներին՝ ասելով, որ իսրայելցիներն անընդհատ խոսում են, սակայն չեն կարող Իրանի դեմ ոչինչ անել։
«Մեր ժողովուրդը և տարածաշրջանի ժողովուրդը ծանոթ են Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հռետորաբանությանը: Նրանք ավելի շատ խոսում և հոգեբանական պատերազմներ են փնտրում, և իրականում նրանք դա անելու ո՛չ ծրագիր, և ո՛չ էլ ունակություն ունեն»,- ասել է նա։
Վաեզին նշել է, որ ԱՄՆ-ն հնարավոր է վերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, սակայն Իսրայելն ու Սաուդյան Արաբիան աշխատում են համոզվել, որ դա տեղի չունենա:
Թերթը նշում է, որ Իրանի նկատմամբ Իսրայելի սպառնալիքներն ի հայտ են եկել ԱՄՆ-ի նախագահի կողմից Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու խոստման հետևանքով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 2015 թվականին կնքված իրանական միջուկային գործարքից դուրս է եկել 2018 թվականի մայիսին` նախկին նախագահ Դոնալ Թրամփի պաշտոնավարման ընթացքում։