Թուրքիան հայտարարել է Էգեյան և Միջերկրական ծովերում «Կապույտ հայրենիք 2021» ռազմածովային զորավարժությունների մասին
Թուրքիան հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը վարժանքներ են անցկացնելու Էգեյան և Միջերկրական ծովերում։ Այս մասին ասված է Ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Ahval-ը:
Նշվում է, որ զորավարժություններին, որոնք ստացել են «Մավի ուաթան 2021» կամ «Կապույտ հայրենիք 2021» անվանումը, մասնակցելու են մեծ թվով թուրքական ռազմածովային ուժեր և զինտեխնիկա, այդ թվում՝ 82 ռազմանավ, ծովային ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքեր և առափնյա պահպանության ծառայության տարրեր:
Ըստ հաղորդման՝ զորավարժությունները տեղի են ունենում այդ շրջանում աշխատող թուրքական սեյսմահետախուզական նավերի դեմ Հունաստանի բողոքից հետո։ Անցյալ հինգշաբթի Թուրքիայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ «Cesme հետազոտական նավը Էգեյան ծովի հյուսիսում կաշխատի մինչև մարտի 2-ը»:
Հունաստանը և Թուրքիան վերջերս Ստամբուլում մասնակցել են երկու պետությունների միջև ծովային խնդիրների լուծման շուրջ հետախուզական բանակցությունների 61-րդ փուլին: Ավելի ուշ Աթենքը հայտարարել է, որ 62-րդ փուլի մեկնարկի ժամկետ է առաջարկել, սակայն թուրքական կողմից դեռևս պատասխան չի ստացել: Հույն պաշտոնյաներն ասում են, որ այդ քննարկումները ոչ պաշտոնական բանակցություններ են։