Վրաստանի վարչապետը բացատրել է ընդդիմադիր Մելիայի կալանավորումը
Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Միավորված ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային «հանցագործ» է անվանել և հայտարարել է, որ նրան ձերբակալել են խորհրդարանի վրա հարձակում կազմակերպելու համար, որով փորձում էին ստուգել պետության հզորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ուժեղ պետություն ենք, ունենք ուժեղ ոստիկանություն, արդյունավետ ներքին գործերի նախարար: Ցանկանում եմ կառավարության անունից հրապարակավ շնորհակալություն հայտնել նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանությանը՝ մեր պետության արժանապատվությունը և կայունությունը պաշտպանելու համար և ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել բոլորին, որ մենք պետություն ենք, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին:
Մելիան ձերբակալվել է այսօր` փետրվարի 23-ին:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մելիային ձերբակալելու հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 մարդ։
Նիկա Մելիան ներգրավված է 2019 թվականի հունիսի 20-ին անկարգությունների կազմակերպման գործում: Մելիան հրաժարվել է վճարել վերանշանակված գրավը: Դատախազությունը պահանջել է քննության ընթացքում նրան կալանքի տակ պահել: Փետրվարի 17-ին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը: