Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցության ղեկավարին ձերբակալելու գործողության ընթացքում ավելի քան 20 մարդ է բերման ենթարկվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային ձերբակալելու հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 մարդ: Այս մասին գրում է Sputnik-Georgia գործակալությունը:
Նշվում է, որ տեղում հավաքվել են ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ, որոնք փորձել են խոչընդոտել ոստիկանության գործողություններին:
«Այս անձինք բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու համար, ինչը ենթադրում է 1000-4000 լարիի չափով տուգանք կամ առավելագույնը 15 օր ժամկետով վարչական ազատազրկում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան։
Նիկա Մելիան ներգրավված է 2019 թվականի հունիսի 20-ին անկարգությունների կազմակերպման գործում: Մելիան հրաժարվել է վճարել վերանշանակված գրավը: Դատախազությունը պահանջել է քննության ընթացքում նրան կալանքի տակ պահել: Փետրվարի 17-ին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը: