Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանի հիմնական մարտահրավերներից մեկը. ԱԳՆ
Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանի հիմնական մարտահրավերներից մեկը: Այս մասին փետրվարի 23-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղի նկատմամբ Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետեւանքները, ԼՂՀ տարածքի մի մասի օկուպացիան չեն կարող համարվել այս հակամարտության լուծում: «Միայն քաղաքական բանակցային գործընթացն է հնարավոր համարել այս հակամարտության ավարտ, որը հաշվի կառնի հակամարտության բոլոր կողմերի իրավունքները եւ կորոշի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- շեշտեց Այվազյանը:
Նախարարը նաեւ նշեց, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսելու բանակցային գործընթացը, սակայն դրա համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մթնոլորտ, որը կնպաստի խաղաղության հասնելուն, իսկ այդպիսի նախադրյալներ ադրբեջանական կողմից առայժմ տեսանելի չեն: «Դրա վկայությունն է Ադրբեջանի կողմից անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար բաղադրիչի չկատարումը, ինչը դրսեւորվում է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում խոչընդոտներ ստեղծելով»,- պարզաբանեց ԱԳՆ ղեկավարը: