Սաուդյան Արաբիան կանանց թույլ է տվել ծառայել երկրի զինված ուժերում
Սաուդյան Արաբիան կանանց թույլ է տվել ծառայել երկրի զինված ուժերում, կիրակի հայտարարել է թագավորության պաշտպանության նախարարությունը, փոխանցում է BBC-ն։
Շարքայինից մինչև սերժանտ կոչումներով կանայք այժմ կարող են ծառայել Սաուդյան Արաբիայի բանակում՝ հակաօդային պաշտպանության, ռազմածովային նավատորմի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում, ինչպես նաև զինված ուժերի բժշկական հաստատություններում։
Նշվում է, որ զինված ուժերում ընդգրկվելու համար կանայք պետք է լինեն 21-ից 40 տարեկան, չլինեն նախկին դատապարտյալ, ամուսնացած չլինեն այլ երկրների քաղաքացիների հետ և ունենան առնվազն միջնակարգ կրթություն։
Այդ քայլը ձեռնարկվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի՝ թագավորության արդիականացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և երկրի հեղինակության բարելավման նպատակով ստեղծված «Տեսլական 2030» նախաձեռնության շրջանակներում։
Չնայած վերջին տարիներին վարորդական, աշխատանքի և տեղաշարժի ազատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, միջազգային հանրությունը դեռևս մտահոգ է Սաուդյան Արաբիայիում կանանց իրավունքների խնդրով, հավելում է գործակալությունը։