Թբիլիսիում 8 մարդու են ձերբակալել խորհրդարանի շենքի առաջ վրաններ տեղակայելու փորձի համար
Վրաստանում իրավապահ մարմինների աշխատակիցները 8 մարդու են ձերբակալել, որոնք փորձում էին վրաններ տեղակայել Թբիլիսիում օրենսդիր մարմնի շենքի մոտ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին, այսօր կայացած բողոքի ցույցի ժամանակ իրավապահները 8 մարդու են ձերբակալել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդվածով (իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին չենթարկվել):
Գերատեսչությունը հանրահավաքի կազմակերպիչներին կոչ է անում պահպանել հասարակական կարգը, զերծ մնալ կոպիտ սադրիչ գործողություններից, ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին:
Վրացական ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները երրորդ օրն անընդմեջ փորձում են վրաններ տեղակայել խորհրդարանի շենքի առաջ՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: Իրավապահներն, իրենց հերթին, թույլ չեն տալիս դա անել, ինչով պայմանավորված իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է: